Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել են «Հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչների հետ:
Համամարդկային համախմբման կոչով քայլարշավի հիմնական նպատակը մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձեւավորելն է, որի հիմքում ընկած են ընդդեմ բռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդիի գաղափարները:
Համավարակի տարածման եւ տարբեր երկրների կառավարությունների կողմից արտակարգ դրություն հայտարարելու պատճառով արշավի մասնակիցները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար` խորհրդարանի թանգարանին ընծայելով Հնդկաստանի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդիի կիսանդրին: Ջայ Ջագաթի կազմակերպիչները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման հարցում:
Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա սերտ հարաբերությունները հիմնված են հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային կապերի վրա:
Հայաստան-Հնդկաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչներին նվիրել է շախմատ` ի նշան երկու ժողովուրդների բարեկամության: